page2-img1

27.03.2017

Մատնահետքերն ու ստորագրությունը կարևոր են ինքնությունը պարզելու համար. Դավիթ Վարդանյան

 

Եվրոպական մի շարք կազմակերպություններ դրական են գնահատել Հայաստանի ընտրական համակարգում արված փոփոխությունները։ Եթե անգամ նոր Ընտրական օրենսգրքում ինչ-որ բացթողումներ կան, այսօր` ընտրություններից մի քանի օր առաջ, ոչինչ հնարավոր չէ փոխել։

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն ի՞նչ վտանգ են ներկայացնում և որքանո՞վ է արդիական Հայաստանի համար խորհրդարանական կառավարման համակարգը. Sputnik Արմենիայի համար պարզաբանում է փաստաբան Դավիթ Վարդանյանը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները։

-Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկար և բարդ ճանապարհ անցան։ Փոփոխություններn արվել են եվրոպական կառույցների աջակցմամբ, երկու անգամ։ Արդյունքում, մի քանի շաբաթ առաջ մի շարք եվրոպական կազմակերպություններ հայտնեցին, որ ԸՕ փոփոխությունները կնպաստեն թափանցիկ և ազնիվ ընտրությունների անցկացմանը։ Դրական գնահատական փոփոխություններին տվեցին նաև երկրի ընդդիմադիր ուժերը։ Սակայն միայն իրավական նորմերը բավարար չեն։ Կառավարությունն ամեն բան պետք է անի, օրենքը գործի։

-Այդ փոփոխություններն իրո՞ք կնպաստեն ազնիվ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, որոնց մենք այդպես ձգտում ենք։

-Փոփոխություններն ուղղված են ազնիվ ընտրությունների անցկացմանը։ Բոլոր պայմանները ստեղծվել են խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընտրելու համար։ Նոր ԸՕ-ն համալրված է բոլոր մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս թափանցիկ ընտրություններ անցկացնել։ Գլխավոր գործոններից մեկը դիտորդների մեծ թիվն է, ինչպես նաև քվեարկած ընտրողների ստորագրությունները։

- Ինչպե՞ս եք վերաբերում ընտրողների ցուցակների հրապարակմանը։

-Երբ խոսքը մարդու սահմանադրական իրավունքների մասին է, այդ թվում նաև` գաղտնի քվեարկության իրավունքի, միշտ տարաձայնություններ են առաջանում`կապված իրավաբանական անձանց իրավունքների և ընտրական գործընթացի հետ։ Նախկինում մենք հստակ չէին կարողանում որոշել` մասնակցել է արդյոք քաղաքացին քվեարկությանը, թե՞ ոչ, և դա հանգեցրել է բացասական հետևանքների։ Բազմիցս է բարձրացվել անարդար ընտրությունների անցկացման հարցը, ձայների կեղծման և այլ խախտումների խնդիրը։

ԸՕ-ում կատարված փոփոխությունները միտված են ազնիվ և թափանցիկ ընտրություններ անցկացնելուն։ Իհարկե, փոփոխությունները խախտում են քաղաքացու գաղտնիության իրավունքը, սակայն դրանք կոչված են օգտակար լինելու հանրությանը։ Այս տեսանկյունից ցուցակների հրապարակումը կարծում եմ դրական քայլ է։

Նախորդ տարիներին ցուցակները չէին հրապարակվում, և դա քաղաքացիների մոտ անվստահություն էր առաջացնում։ Ընթացիկ ընտրություններից հետո ցուցակները կհրապարակվեն և յուրաքանչյուր մասնակից կկարողանա համոզվել, որ իր ազգանվան կողքին հենց իր ստորագրությունն է դրված։ Սա առավել օպտիմալ տարբերակն է, մյուսներն այն արդյունքը, որին ձգտում էինք չէին տա։ Ստորագրություններն ու մատնահետքերը կարևոր են մարդու ինքնությունը պարզելու համար։

Բացասական կողմն այն է, որ քաղաքացիները հնարավորություն չունեն բոլորին դեմ քվեարկելու։ Նույնիսկ, եթե ընտրողը վերցնում է այս կամ այն կուսակցության քվեաթերթիկը և ռեյտինգային կարգով չի քվեարկում, նրա ձայնը ավտոմատ անցնում է այն կուսակցությանն, ում քվեաթերթիկը նա ընտրել է։ Երկու տարբերակ է մնում` կամ քվեարկել միայն կուսակցական ցուցակով, եթե քաղաքացին դեմ է բոլոր թեկնածուներին, կամ չմասնակցել ընտրություններին։

- Արդյո՞ք պատրաստ ենք մենք խորհրդարանական կառավարման համակարգին։

-Սահմանադրության ներկայիս նախագծի վրա աշխատելիս հաշվի են առնվել ոչ թե առկա խնդիրները, այլ դրանից բխող հետագա պրոբլեմները։ Նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգի հավասարակշռության պայմաններում տեսականորեն հնարավոր է նախագահի և խորհրդարանի միջև տարաձայնությունների առաջացումը։

Խորհրդարանական կառավարման համակարգհի պարագայում նախագահը, տարաձայնությունների առաջացման դեպքում, հանդես կգա դատավորի դերում, իսկ վարչապետը` քաղաքական մեծամասնության առաջնորդի։

Ստացվում է, որ նոր Սահմանադրությունն ուղղված է ոչ թե առկա խնդիրների լուծմանը, այլ հավանական ռիսկերի չեզոքացմանը։ Սակայն պատերազմական դրության մեջ գտնվող երկրներին ավելի շատ «սազում» է նախագահական իշխանությունը։ Քանի որ հենց այդ մոդելն է թույլ տալիս օպերատիվ որոշումներ կայացնել։ Իսկ խորհրդարանական կառավարման համակարգը արդիական է զարգացած տնտեսությամբ երկրների համար, որը Հայաստանում դեռ գոյություն չունի։