page2-img1

02.02.2017

Ընտրությունները ոչ թե 4–5 օրով, այլ՝ 20 օրով է պետք հետաձգել. Տիգրան Սարուխանյան

 

Պարզվում է խորհրդարանական ընտրությունների օրվա հետ կապված մտահոգություններն առաջինը ծագել են ՀՀ փաստաբանների պալատում: «Արատտա Քընսալթինգ» խորհրդատվական գրասենյակի դատական պաշտպանության բաժնի ղեկավար, փաստաբան Տիգրան Սարուխանյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով հին և նոր Սահմանադրությունների, ինչպես նաև Ընտրական նոր օրենսգրքի դրույթների համադրմանը, նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ լիազորությունների և համապատասխանաբար նոր ընտրությունների կազմակերպման կարգն ու ժամկետները սահմանվում են Սահմանադրությամբ, ուստի անհրաժեշտ է հասկանալ, թե այս պահին 2005–ին ընդունված, թե՝ 2015–ի նոր Սահմանադրությունն է ուժի մեջ:

«Նոր Սահմանադրության 209–րդ հոդվածի 2–րդ և 3–րդ մասերի համաձայն՝ 2005 թ.–ի Սահմանադրության 4–րդ գլխի դրույթները գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը: Այսինքն, թե՛ Ազգային ժողովի լիազորությունների շրջանակը և թե՛ ԱԺ պատգամավորների ընտրությունների կազմակերպման ժամկետներն ու կարգը, որոնք սահմանված են նոր Սահմանադրությամբ ուժի մեջ կմտնեն միայն 2017 թվականին կայանալիք ընտրությունների արդյունքում ձևավորված հաջորդ գումարման նստաշրջանի բացման օրվանից միայն: Դա նշանակում է, որ մինչ այդ գործելու է 2005 թվականի փոփոխություններով ընդունված Սահմանադրությունը, որի 63 և 68–րդ հոդվածի համաձայն ԱԺ հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ»,– ասում է փաստաբանը:

«Այս դեպքում հարց է ծագում, թե երբ են ավարտվում ԱԺ նախորդ գումարման լիազորությունները: Դրա պատասխանը կրկին գտնվում է 2005–ի փոփոխություններով Սահմանադրության 63–րդ դրույթում»,– ասում է փաստաբանը: Համաձայն դրա՝ ԱԺ լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր ԱԺ–ի առաջին նիստի գումարման պահից և դադարում է ԱԺ հաջորդ գումարման առաջին նիստի գումարման պահին: 
«Տվյալ դեպքում նախորդ՝ 5–րդ գումարման ԱԺ–ի առաջին նիստը, որով սկսվել է նրա լիազորությունները, տեղի է ունեցել մայիսի 31–ին: Այսինքն, այդ ժամկետից սկսած են ծագել նրա լիազորությունները: Եվ նշված օրվանից պետք է հետհաշվարկը կատարել: Այսինքն, մայիսի 31–ից հետհաշվարկ կատարելով, ստանում ենք, որ ԱԺ հերթական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 21–ից մինչև մայիսի 1–ն ընկած ժամանակահատվածում»,– ասում է Տիգրան Սարուխանյանը: 

Փաստաբանի համոզմամբ՝ վկայակոչված դրույթներին այս պահին հակասում է նաև Ընտրական օրենսգրքի 103–րդ հոդվածը, որի առաջին մասն արդեն իսկ ուժի մեջ է մտել և գործում է: Դրա համաձայն էլ ԱԺ հերթական ընտրությունը պետք է անց կացվի ԱԺ լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 և ոչ ուշ, քան 50 օր առաջ: 

«Տվյալ դեպքում, կարծում եմ, որ կա նաև ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթների միջև հակասություն: Եվ հաշվի առնելով Սահմանադրության գերակայությունը, պետք է գործեն ՀՀ Սահմանադրությամբ սահմանված դրույթները»,– ասում է դատական պաշտպանության բաժնի ղեկավարը: 

Նրա տեղեկացմամբ՝ խնդրի պարզաբանման համար դիմում է ներկայացված նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով և առաջիկայում պարզ կլինի նաև ԿԸՀ–ի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Խոսելով ընտրության օր նշանակելու ներկայացված հաշվարկի և ՀՀ նախագահի կողմից հնչեցված՝ ընտրությունների օրը 4–5 օրով տեղափոխելու ժամկետների տարբերության մասին՝ փաստաբանն ասաց, որ իր կարծիքով, խոսքը ոչ թե հստակեցված օրերին էր վերաբերում, այլ ընդհանրապես ընտրության օրը փոփոխելուն դեմ չլինելուն:

«Տվյալ դեպքում, կարծում եմ, որ մոտ 20–օրյա տարբերություն է առաջանում և հուսանք, որ համապատասխան իրավական հիմնավորումներ կներկայացվեն թե՛ խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2–ին նշանակելու և թե՛ ժամկետը փոփոխելու դեպքում»,– ասաց փաստաբանը: