page2-img1

19.10.2016

Մի վճարեք ոստիկանության ակտերը

 
Վարորդները կանգառ կատարելիս հաճախ տուգանվում են 5000 դրամով և հարկադրված վճարում։ Նման խնդրին առնչվեց նաև Արատտայի հաճախորդներից մեկը, ով ընդամենը 1 տարվա ընթացքում ենթարկվել էր պատասխանատվության ավելի քան 40 անգամ։ Գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ բոլոր դեպքերում վարչական մարմինը կատարել է նույն խախտումը, որն անվավեր է դարձնում վարչական ակտը։ Օրենքը պահանջում է, որ վարչական ակտերում նշվեն, թե կանգառ կատարելու կամ կայանելու հատկապես որ կանոնն է խախտվել, մինչդեռ վերոնշյալ դեպքերից որևէ մեկում ոստիկանությունը չի նշել կոնկրետ իրավախախտումը, այլ միայն հղում է կատարել ընդհանուր կանոններ սահմանող նորմերի։ Կարելի է միայն ենթադրել, որ նման իրավախախտումներն արձանագրելիս, վարչական ակտերը կազմվում են ավտոմատացված եղանակով՝ հնարավորինս նվազեցնելով մարդկային գործոնը, և ծրագրի թերի լինելու պատճառով հնարավոր չի լինում իրավախախտման հիմքը հստակեցնել։ Այդուհանդերձ, տեխնիկական խնդիրները չեն կարող ազատել ոստիկանությանը վարչական ակտն օրենքի պահանջների համաձայն ընդունելու պարտականությունից։ Վարորդների մեծամասնությունը, անտեղյակ լինելով, որ հղում կատարվող նորմում նշված չէ, թե հատկապես որ կանոնն է խախտվել, պարզապես վճարում են գումարը՝ խուսափելով հետագա անհարմարություններից։ Սակայն, ՎԴ/2635/05/15 վարչական գործով վարույթի ընթացքում, դատարանն արտահայտեց հստակ դիրքորոշում, ըստ որի, եթե վարչական ակտը չի պարունակում իրավախախտման կոնկրետ տեսակը, ապա այն պետք է ճանաչվի անվավեր։ Խորհուրդ ենք տալիս նման իրավիճակներում նախ պարզել, թե որ նորմին է հղում կատարվում։ Եթե ակտում հստակ չի նշվում Ձեր խախտումը, ապա մի հապաղեք դիմել վարչական դատարան այն անվավեր ճանաչելու պահանջով։ Ընդ որում, նման վեճերում հայցվորն ունի արտոնություն․ վերջինս ազատվում է պետական տուրք վճարելու պարտականությունից։