page2-img1

19.04.2017

Հաշվարկով ամուսնություններից մինչև սոցիալական ցանցեր. որոնք են ամուսնալուծությունների պատճառները

 

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը՝ շեշտելով՝ դեռևս 90-ական թվականներին նվազել էին և՛ ամուսնությունների, և՛ ամուսնալուծություների դեպքերը, իսկ վերջին տասնամյակում ավելացել են և՛ ամուսնությունները, և' ամուսնալուծությունները:

«2000 թվականնից հետո աճել է ամուսնալուծությունների թիվը, վիճակագրությունն իր գագաթնակետին հասավ 2014 թվականին՝ մոտ 4400: Իսկ, եթե համեմատենք այս երևույթն Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի հետ, ապա այդ երկրներում ամուսնալուծությունների թիվն ավելի մեծ է»:

Կարինե Կույումջյանն ամփոփեց նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների 2016 թվականի վիճակագրությունը Երևանում և մարզերում. «Ամուսնությունների միջին հանրապետական ցուցանիշը 5,4 %-է:  Երևանում ամուսնությունների ցուցանիշն ավելի բարձր է՝ 6 %, Կոտայքում այդ թիվը կազմում է 5 %, մյուս մարզերում ամուսնության ցուցանիշը նույնն է՝ 2 և ավելի տոկոսներ: Եթե միջին հանրապետական ցուցանիշն արդեն ամուսնալուծության պարագայում նորմայում 1,2%-է, ապա Լոռու մարզում այդ ցուցանիշը կրկնակի անգամ գերազանցվում է՝ կազմելով 2,4 %, իսկ Երևանում այդ ցուցանիշը հասնում է 1,5%-ի»:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ որոնք են այն հանգամանքները, որոնք դառնում են ամուսնալուծությունների պատճառ, Կարինե Կույումջյանը պատասխանեց. «2015 թվականին, օրինակ, հարցվածների 10%-ը նշում էր, որ ամուսնալուծվում է նյութական միջոցների բացակայության պատճառով, 9,8%-ը որպես պատճառ նշում է հիմնականում վատ սովորությունը կամ արտագնա աշխատանքի մեկնումը: Ամուսնալուծությունների թիվը մեծ է նաև հաշվարկով ամուսնալուծությունների և սոցիալական ցանցերի պատճառով»:

Խոսելով ամուսնությունների և ամուսնալուծությունների տարիքային խմբերի մասին՝ Կարինե Կույումջյանը նշեց, որ ամուսնության միջին տարիքը վերջին 20 տարիների ընթացքում տղամարդու դեպքում 25-ից հասել է 29-ի, կանանց համար՝ 22-ից՝ 26-ի: Այսինքն՝ ամուսնությունների միջին տարիքի շեմը բարձրացել է, իսկ ամուսնալուծությունների համար նման շեմ չի հաշվարկվում: 

Ասուլիսի մասնակից, փաստաբան Տիգրան Սարուխանյանը, խոսելով ամուսնալուծությունների իրավական կարգավորումների մասին, նշեց, որ իրավական առումով՝ ամուսնալուծությունը շատ հեշտ գործընթաց է և շատ ամուսնալուծվող զույգերի համար խնդիրների և գործընթացի ձգձգման պատճառն այլ հարցեր են լինում. «Դատական կարգով ամուսնալուծության ժամանակ խնդիրներ են առաջանում հատկապես, երբ երեխաներին օգտագործում են որպես գործիք կամ գույք են փորձում բաժանել: Հենց նման գործընթացն է, որ դժվարացնում է ամուսնալուծության գործընթացը: Այստեղ պետք է նշեմ, որ ամուսնալուծությունն ամուսիններից որևէ մեկին չի սահմանափակում: Նրանք կարող են դատական կարգով նախ բաժանվել, հետո իրավական ճանապարհով գույքի բաժանման և երեխայի տեսակցության կարգ և բնակության վայր սահմանել»: