page2-img1

17.01.2017

Հարցին պատասխանում է «Արատտա» ընկերության իրավախորհրդատու Գոհար Մանուչարյանը

 

 

Dialogue.am–ի խմբագրությունը շարունակում է իր ընթերցողներից հարցեր ստանալ՝ գույքահարկի վճարման կագի և  այս ոլորտում տրվող իրենց արտոնությունների մասին:

Ընդհանրացնելով քաղաքացիներից ստացած հարցադրումները՝ փորձել ենք լիարժեք պատասխանել մեր ընթերցողների հարցերին, ինչպես նաև նրանց խնդրանքով մեկնաբանել մեքենայի հաշվառման կարգը և գործընթացը:

Քաղաքացի–  Մեքենան Էջմիածնի գրանցում ունի, բայց  ես այն նվիրել եմ եղբորս, ով մշտապես բնակվում է ԼՂՀ-ում է: Արդյո՞ք հնարավոր է գույքահարկի վճարումը կատարել ԼՂՀ-ում, եթե մեքենան Էջմիածնի տարածքում է հաշվառված:

Հարցին պատասխանեց «Արատտա» ընկերության իրավախորհրդատու Գոհար Մանուչարյանը

Մեքենաների գույքահարկի ահռելի գումարների պատճառով քաղաքացիները պարտքեր են կուտակում թաղապետարաններում, իսկ հետագայում չեն իմանում՝ ինչպես մարել կուտակած պարտքերը:

Քննարկվող իրավիճակի փաստերի ոչ բավարար լինելու պայմաններում անհրաժեշտ է դիտարկել երկու դեպք:

Առաջին դեպքում. հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը չի գրանցվել ՀՀ ոստիկանությունում, իսկ նվիրատվությունը կատարվել է միայն փաստացի: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի վերլուծությունից բխում է, որ փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Եթե հաշվառումը (գրանցումը) բացակայում է, ապա այդ դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Այսինքն, թեկուզև ավտոմեքենան որպես սեփականություն տիրապետվում է Ձեր եղբոր կողմից փաստացի, բոլոր դեպքերում վճարման պարտավորությունը կրում եք Դուք, իսկ վճարումը պետք է կատարվի Ձեր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե, իսկ այդ գրանցման բացակայության դեպքում հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:
   

Երկրորդ դեպքում, եթե սեփականության իրավունքը  Ձեր եղբորը փոխանցվել է օրենքով նախատեսված պահանջների համաձայն, ապա վճարման պարտավորությունը կրում է նա: Նույն հոդվածի համաձայն՝ գույքահարկի գումարի վճարումը պետք է կատարվի Ձեր եղբոր հաշվառման վայրի համայնքի բյուջե: Եթե հաշվառումը բացակայում է, ապա հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե, իսկ եթե հիմնական բնակության վայրն էլ բացակայում, ապա այն վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Ընդ որում, նման կարգավորումներ նաև նախատեսված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով, հետևաբար վերը նշված կանոնները գործում են անկախ այն հանգամանքից, թե արդյոք Ձեր եղբոր հաշվառման (գրանցման) վայրը Հայաստանի Հանրապետությունում է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

 

Ի՞նչպես է իրականացվում մեքենայի հաշվառման գործընթացը

Մեքենայի հաշվառումը, անկախ սեփականատիրոջ հաշվառման վայրից, իրականացնում են Կառավարությանն առընթեր ՀՀ «Ճանապարհային ոստիկանության» ծառայության հաշվառման բոլոր ստորաբաժանումների կողմից: Տրանսպորտային միջոցի  հաշվառվուը կատարվում է հետևայլ սկզբունքով՝  «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ»:

1. զննության կայան

Զննության համար պարտադիր ստուգվում է՝

  •  տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը 
  • տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ 
  • տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
  •  տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը. 

2.վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը:  Այդ անդորագիրը մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին

3. սպասարկման սրահ

  •  ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը
  • հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր 
  • հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման համակարգչային շտեմարան, և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,
  •   հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին)
  •  վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո)

4.փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`

  •  տպագրվում է հաշվառման վկայագիրը,
  • սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը: