page2-img1

25.05.2017

Համատիրությանը 3 տարուց ավելի վաղեմության պարտքերը քաղաքացիները կարող են չվճարել. Դավիթ Վարդանյան

 

Այսօր բազմաթիվ են բնակիչների բողոքներն ու ահազանգերը` կապված համատիրությունների վատ աշխատանքի հետ: Նրանց աշխատանքի թերացումներին անդրադարձել էինք դեռ նախորդ տարի, որ բազմաբնակարան շենքերում պատշաճ մաքրման աշխատանքներ չեն իրականացնում, նաև չեն կատարվում անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, և որևէ հաշվետվություն չի ներկայացվում բնակիչներից հավաքված գումարներով կատարված աշխատանքների մասին:

Այս անգամ բնակիչների բողոքները վերաբերում են հետևյալին. համատիրության աշխատակիցը բնակիչներից պահանջում է մոտավորապես 10-20 տարվա վաղեմության պարտքեր, անգամ որոշ դեպքերում` ԲՇՏ-ներին (ЖЭК) ունեցած բնակիչների պարտքերը, այն դեպքում, երբ դրանք արդեն վաղուց լուծարվել են:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, խոսելով բնակիչներից համատիրությունների պահանջների մասին, նշեց. «ЖЭК-երը եղել են խորհրդային տարիներին և արդեն լուծարվել են, այնպես որ, այն ժամանակվա պարտքերը, նույնիսկ արդեն համատիրությունների 10 տարվա պարտքը հիմա չեն կարող պահանջել, առավելագույնը կարող են երեք տարվա պարտք պահանջել: Նախ պետք է ապացուցեն, որ դա պարտք է, որովհետև համատիրությունը պետք է աշխատանքներ կատարի, ծառայություններ մատուցի և ապացուցի, որ դա իրականացրել է, նոր դրա դիմաց պահանջի այդ գումարները, իսկ ծառայություններ չմատուցելով պահանջել ինչ-որ պարտքեր փակել, դա իհարկե օրենքի խախտում է»:

Չիլինգարյանի համոզմամբ` շատ քիչ համատիրություններ են, որ պարտաճանաչ կատարում են իրենց բոլոր պարտականությունները. «Եթե այսօր մենք լավ ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ հիմնականում համատիրությունների նախագահներն ովքե՞ր են` թաղային հեղինակություններ, չգիտեմ` ում բարեկամն են և ուղղակի գումար են հավաքում, աշխատավարձեր են բաժանում իրենց աշխատակիցների միջև: Եվ եթե քաղաքացին շատ դեպքերում գնում, ասում է` տեղեկանք տվեք, օրենք են խախտում և ասում, որ մինչև պարտքերը չմարեք, տեղեկանք չենք տա»:

Հարցի առնչությամբ դիմեցինք Կենտրոն համայնքի համատիրություն, որի իրավասության տակ գտնվող շենքերի բնակիչներից էլ ստացել էինք ահազանգը: Համատիրության ինժեներ Արթուր Գալստյանն Araratnews.am-ի հետ զրույցում, լսելով հարցի մասին, զարմացավ, «2003 թվականից, եթե ստեղծվել են համատիրությունները, էդ ժամանակից եթե գումար չեն մուծել, ինչի՞ մասին է խոսքը, որ չեն մուծել, ուրեմն վսյո՞, վերջացա՞վ: Հիմա ես չեմ ուղարկել այդ պարտքերի մասին, կարող է` հիմնարկից են ուղարկել, բայց երևի ուղարկել են, որ տեղեկացնեն մարդկանց պարտքերի մասին, որ աշխատանքներ կատարվեն, որովհետև մենք շենքի աշխատանքները կատարում ենք հավաքագրված գումարներով»:

Մեր ճշտող հարցին` աշխատանքները կատարվում են 10 և ավելի տարվա վաղեմություն ունեցող պարտքերը հավաքելո՞վ, որը օրենքի խախտում է, համատիրության աշխատակիցն այս անգամ էլ այլ պատասխան տվեց. «20 տարվա պարտք չկա, ես չգիտեմ, չեմ կարող հասկանալ` ինչի մասին է խոսքը, մերը ինժեներական բաժինն  է, բայց եթե պարտք ունի` ծանուցում է գնում»:

Հարցին` այսինքն դո՞ւք չեք իրավասու պատասխանել գումարների և ծախսերի վերաբերյալ հարցերին, աշխատակիցը նշեց. «Իրավասու բոլորս ենք, ուղղակի ձեր կոնկրետ հարցերին չեմ կարողանում պատասխանել… հնարավոր չի տենց բան լինի… տեղյակ չեմ, չգիտեմ»:

Մեր հարցին լիարժեք պատասխան չստանալուց հետո ինժեներին, ում տվյալները համատիրությունից տվել էին որպես հարցին տեղյակ իրավասու անձի, խնդրեցինք նշել այն անձին, ով կկարողանա լիարժեք պատասխանել` արդյոք նման ծանուցումներ եղե՞լ են, և եթե եղել են, ապա ի՞նչ հիմքով: Հինգ հեռախոսահամարով զանգահարել փորձելուց հետո, վերջապես, հնարավոր եղավ կապվել համատիրության իրավաբանի` տիկին Դավթյանի հետ, ով չցանկացավ ասել անունը, մեր հարցերին ի պատասխան, ընդգծեց. «Դուք սխալ գիտեք, մենք գանձելու իրավունք չունենք, պարտադիր նորմ է, բնակիչները պարտավոր են վճարել պարտադիր նորմի վճարները: Եթե բնակիչն այստեղ չի եղել մի 10 տարի, 5 տարի կամ 2 տարի, բացակայել են երկրից և եկել են, ուզում են վճարել, վճարում են»:

Ինչ վերաբերում է հարցին, իսկ եթե բնակիչը չի ցանկանում վճարել, ապա այդ դեպքում ինչ են անում համատիրությունները, իրավաբանը նկատեց. «Դիմում են դատարան, դատական կարգով բռնագանձվում է: Շենքի յուրաքանչյուր սեփականատեր պետք է վճարի, եթե մի 5 տարի չի վճարել, իհարկե պետք է նախազգուշացնեն մարդուն, որ պարտավոր եք ժամանակին վճարները կատարել, եթե հրաժարվում է` դիմում են դատարան»:

Փաստաբան Դավիթ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց. «Կա հայցային վաղեմության ժամկետ հասկացությունը, որը նշանակում է. եթե անձի իրավունքները խախտվում են, նա իրավունք ունի որոշակի ժամկետում միայն դիմել դատարան: Տվյալ դեպքում, ենթադրենք, եթե անգամ նրանց պահանջը հիմնավոր է, օրինակ` 2000 կամ 2005 թվականին պարտք է ձևավորվել, վաղեմության ժամկետը 3 տարի է, նրանք իրավունք ունեն խախտման օրվանից 3 տարի հետո միայն դիմել: Եթե քաղաքացին պարզում է, որ նման հին պարտք է այն իրենից ներկայացնում, անկախ բոլոր հանգամանքներից, պետք է գիտակցի, որ եթե գործը գնա դատարան, ինքը կարող է այդ հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդություն ներկայացնել, և դատարանը կմերժի մյուս կողմին, անկախ այն հանգամանքից` այդ պահանջը հիմնավո՞ր է, թե՞ ոչ»:

Փաստաբանը նաև նկատեց. «Համատիրությունների կողմից պահանջների ներկայացումը քաղաքացիներին բավականին շատ են… դատական կարգով, անգամ Սահմանադրական դատարանը «Համատիրության մասին» ՀՀ օրենքի դրույթներին, բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող իրավական նորմերին մեկնաբանություններ է տվել, որի հիմնական տրամաբանությունը հետևյալն է. բոլոր դեպքերում, եթե համատիրությունը պահանջ է ներկայացնում քաղաքացուն, անգամ եթե դա պարտադիր նորմերին ուղղված ծախսեր են, որովհետև կան երկու ծախս` մեկը պարզապես արվում է` ելնելով բնակիչների կամքից, և երկրորդ` անկախ այն բանից, բնակիչը ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ, այդ ծախսը պետք է կատարվի, օրինակ` անվտանգության կամ տանիքի վերանորոգման հետ կապված»:

Ինչ վերաբերում է դեպքերին, երբ քաղաքացին առանց իմանալու, որ հին պարտք է մուծում, կատարում է բոլոր վճարումները, հետո հնարավորություն կա՞ մուծված գումարները դատական կարգով վերադարձնել, փաստաբանը նշեց. «Երկու իրավիճակ քննարկենք. եթե քաղաքացին ունի հին և նոր պարտքեր, և այդ հին պարտքը ստացվում է, որ գոյություն չի ունեցել, այսինքն` օրենքի խախտմամբ է ընդունել, ապա իրականում այդ գումարը ոչ թե հետ կվերադարձվի, այլ կվերահաշվագրվի, և նոր պարտքը կմարվի: Բայց եթե չկա նոր պարտք և կա միայն հին պարտք, և քաղաքացին արդեն իսկ վճարել է, ապա եթե քաղաքացին իրոք հիմնավորի, որ համատիրությունը նման հիմքեր չի ունեցել, ապա իրավունք ունի պահանջել: Դա կոչվում է անհիմն հարստացում, Հայաստանի քաղաքացիական օրենսգիրքն է կարգավորում, և թույլ է տալիս այդ գումարը պահանջել համատիրությունից: Օրենքի ընդհանուր տրամաբանությունն այն է, որ եթե անձը առանց որևէ կոնկրետ իրավական հիմքի գումար է ստանում, ապա ինքը պարտավոր է դա վերադարձնել այդ գումարը վճարած անձին: Սակայն եթե հայցային վաղեմության հարցն է, ապա այդ դեպքում` ո´չ, եթե քաղաքացին արդեն վճարել է, այդպիսի վճարման հիմքը եղել է, և թեկուզ 10 տարի է անցել վճարելուց հետո, ինքն այլևս չի կարող հետ պահանջել»:

Դավիթ Վարդանյանը նաև հիշեց, որ պրակտիկայում բազմաթիվ դեպքեր են լինում` կապված համատիրությունների վատ աշխատանքի հետ. «Մեկ բան ֆիքսեմ. կար Սահմանադրական դատարանի որոշում, որն անդրադառնում էր այդ պարտադիր նորմերին ուղղված ծախսերի հիմնավորվածությանը: Պրակտիկայի ընթացքում կան ակտեր, որոնք անգամ եթե հղում է կատարվում Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանություններին հօգուտ քաղաքացու, բոլոր դեպքերում դատարանը դա հաշվի չի առնում, հակառակ լուծումն է տալիս և չի փորձում գործում խորանալ:  Դա, ի դեպ, ասում եմ ոչ թե սուբյեկտիվ առումով, այլ օբյեկտիվ, որովհետև ես բազմաթիվ դատական գործեր եմ ուսումնասիրել, որ եթե անգամ այնտեղ ներկայացուցիչ չեմ եղել,  բայց կային դատարաններ, որ իրոք հօգուտ համատիրությունների էին լուծում, անգամ այն դեպքում, երբ քաղաքացին պահանջում էր ծախսի հիմնավորումը ներկայացնել, բայց համատիրությունը չէր ներկայացնում: Այնպես որ, մենք միանշանակ թեկուզև կարող ենք ասել, որ օրենքը քաղաքացու կողմն է, բայց դատական պրակտիկայում հնարավոր է, որ այլ բան ցույց տա, թեև պետք է պայքարել մինչև վերջ»: