page2-img1

19.12.2016

Արատտայի փաստաբան Տիգրան Սարուխանյանը պատասխանում է 

 

 

ՀԱՐՑ- Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ֆիզիկական անձը, որպեսզի սնանկ ճանաչվի:
 
ՊԱՏԱՍԽԱՆ- Հարցին պատասխանում է փաստաբան Տիգրան Սարուխանյանը
 
Ֆիզիկական անձանց կամավոր սնանկության համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը և ներկայացման կարգը սահմանվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով։ Մասնավորապես, կամավոր սնանկության դիմումը կարող է ներկայացնել ինչպես ֆիզիկական անձը, այնպես էլ իր ներկայացուցիչը։ Եթե դիմումը ներկայացնում է ներկայացուցիչը, ապա պետք է կցվի նաև ներկայացուցչին տրված լիազորագիրը։ Լիազորագիրը ոչ փաստաբանի տրվելու դեպքում այն վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:
 
Դիմումում պետք է նշվեն հետևյալ տվյալները`
 
1. Դիմողի բնակության վայրի դատարանի անվանումը, որին ներկայացվում է սնանկության դիմումը.
2. Դիմողի անձնագրային տվյալները՝ այդ թվում նաև, անունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում․
3. Հանգամանքները, որոնց վրա հիմնվում է դիմումը և դրանք հաստատող ապացույցները.
4. Պարտատիրոջ դրամական պահանջի չափը, պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
5. Պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետը․
6. Առաջարկ` ժամանակավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն` ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ: Ընդ որում եթե առաջարկվում է ժամանակավոր կառավարչի թեկնածություն, ապա դիմումին պետք է կցվեն նաև կառավարչի որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները և սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը:
7. Պահանջը սնանկ ճանաչելու վերաբերյալ․
8. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
 
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
 
1. Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը` համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում).
2. Պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները.
3. Տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին.
4. Պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին, եթե այդպիսին առկա է։ Ընդ որում, եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է դիմումին կից ներկայացնել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:
 
Դիմումին պետք է կցվի նաև սնանկ ճանաչելու դիմումի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը, որի չափը կազմում է 100,000 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի։ Վճարման անդորրագրի փոխարեն, օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հիմքերի առկայության դեպքում, կցվում է դրանց վերաբերյալ միջնորդություն: Կից փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմողի կողմից: Վերը նշված՝ կից ներկայացման ենթակա փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ կապված բոլոր ռիսկերը կրում է ֆիզիկական անձը։
Եթե դիմումում թույլ են տրվել սխալներ, որոնց արդյունքում այն դատարանի կողմից վերադարձվել է, ապա դիմումը հնարավոր է կրկին ներկայացնել խախտումները վերացնելուց հետո։ Հատկանշական է, որ ֆիզիկական անձանց սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում, նույն ֆիզիկական անձը չի կարող կամավոր սնանկության դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար, իսկ նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումի ընդունումը ենթակա է մերժման սույն օրենքով սահմանված կարգով: