page2-img1

10.01.2017

Նույն տարում վաճառվող մեքենայի համար գույքահարկ պետք է վճարի և՛ վաճառողը, և՛ գնորդը

 

Dialogue.am-ի Մեքենաների գույքահարկի մասին հրապարակումը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել:  Ընթերցողների մեծաքանակ հարցադրումներից  պարզ է դառնում, որ գույքահարկ վճարող վարորդներn ամեն տարի պարբերաբար իրենց պարտականությունը կատարելով` այդպես էլ չգիտեն, թե հանուն ինչի  են այդքան գումար մուծում համայնքային բյուջե, ի՞նչ պարտավորություն ունի հարկ վերցնող մարմինn իրենց նկատմամբ և ի՞նչ իրավուքներ ունեն իրենք:

Հոդվածում ներկայացվել և մեկնաբանվել էին այն քաղաքացիների իրավունքները, որոնց  արտոնված է հարկ չվճարել: Սակայն քաղաքացիներից ստացած զանգերն ու բողոքները ևս մեկ անգամ առիթ դարձան խնդրին անդրադառնալու և հիմնական հարցերի շուրջ հերթական նյութը հրապարակելու համար: 

Հաջորդիվ հարցերին ևս կհետևեն գրավոր պատասխաններ, եթե ստորև ներկայացվող պատասխանները չբավարարեն Ձեզ, հարգելի ընթերցողներ: Գրեք մեզ էլեկտրոնային հասցեով, կամ Dialogue.am-ի ֆեյսբուքյան էջին:

 Քաղաքացիների ուղարկած հարցադրումներին պատասխանել են իրավախորհրդատուները:


Հովհաննես Ղուկասյան.

2011-ի ն մեքենա եմ գնել, որի սեփականատերը գույքահարկ վճարած չի եղել, իսկ ես չեմ իմացել այդ մասին: Օրենքով սահմանված կարգով բոլոր վճարումները մեքենան գնելուց հետո կատարել եմ, բայց քաղաքապետարանn ինձ դատի է տվել՝ 100.00 դրամ բռնագանձելու պահանջով, քանի որ նախկին սեփականատերը պարտք է ունեցել:

Ի"նչ խորհուրդ կտաք անել, որևէ պատասխանատվություն այս առումով արդյո՞ք ես կրում եմ, որտեղի՞ց կարող էի իմանալ, որ նախկին սեփականատերը գույքարկ չի վճարել:

Հարցին պատասխանել է փաստաբան  Տիգրան Սարուխանյանը.

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի մինչև 12.11.2013 թվականը գործող խմբագրության 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առաջին ենթակետի համաձայն՝ ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում`նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները։

Տվյալ դեպքում պարոն Ղուկասյանի կողմից մեքենան ձեռք է բերվել 2011 թվականին և վկայակոչված նորմի համաձայն՝ վերջինիս են փոխանցվել մեքենայի մասով նախորդ սեփականատիրոջ նկատմամբ հաշվարկված գույքահարկի գծով չմարված պարտավորոթյունները։

Տվյալ դեպքում պարոն Ղուկասյանը մեքենան գնելիս կարող էր վաճառողից պահանջել ներկայացնել համապատասխան վճարումները պատշաճ կատարված լինելու վերաբերյալ փաստաթղթեր և/կամ առուվաճառքի պայմանագրում նախատեսեր վաճառողի կողմից պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ երաշխավորություն։ Պայմանագրում նման կետ նախատեսված լինելու դեպքում, վերջինս հնարավորություն կունենար ետ պահանջել իր կողմից կատարված ծախսերը։

 

Քաղաքացի-  Այս պահին մեքենայի սեփականատերն այլ անձ է, ով բնակվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ես այդ մեքենան ուզում եմ գնել և տվյալ հարկային տարվա 3-րդ ամսին գրանցելու եմ իմ անունով՝ տեղափոխելով Շենգավիթ վարչական շրջան: 2018-ի գույքահարկը վճարելիս  Շենգավիթում նորից նախորդ տարվա գույքահարկ ինձանից պահանջելո՞ւ են: Ինձ ասել են, որ մի համայնքից մյուսը փոխանցում չեն կարող անել:

Տիգրան Սարուխանյան-Գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ դադարում՝ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Նշվածից հետևում է, որ նոր սեփականատիրոջ մոտ տվյալ մեքենայի գույքահարկի մասով պարտավորությունը կառաջանա միայն 2017 թվականի ապրիլի 1-ից սկսած, որը ենթակա կլինի վճարման մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Ինչ վերաբերում է 2017 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար գույքահարկի պարտավորությանը, ապա այն կառաջանա վաճառողի մոտ։


Հակոբյան Սուրեն, ք. Գյումրի, Շիրակացի փողոց.

Արդեն 12 տարի է, ինչ գտնվում եմ զինվորական ծառայության մեջ՝ 102-րդ ռազմաբազայում: Մի քանի անգամ դիմել եմ քաղաքապետարան մեքենայի գույքահարկի համար, ինձ ասել են, թե  պարտադիր պետք է մուծեմ, քանի որ օրենքով սահմանաված կարգով միայն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  ինստիտուտն ավարտած զինվորականն է ազատվում գույքահարկի վճարից: Խնդրում եմ, պարզաբանել օրենքը և ասել ինձ՝ իսկապե՞ս օրենքը արտոնություն չի տալիս, քանի որ քաղաքաեպտարանում օրենքը  չեն ներկայացնում

Հարցին պատասխանել է՝  «Արատտա» ընկերության  իրավախորհրդատու Սաթենիկ Վարդանյանը.

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է գույքահարկից ազատման հիմքերը (գույքահարկի գծով արտոնությունները)։ Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք։

Այս մասով հարկ է նշել, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը, համաձայն՝ «Զինվո­րական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համարվում է զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը:

Տվյալ դեպքում, հարկ է նկատել, որ պարոն Հակոբյանը կօգտվի այս արտոնությունից, եթե նա ավարտել է ռազմաուսումնական հաստատություն:

Նշված նորմի բովանդակությունից պարզ է դառնում, որ տվյալ արտոնությունը վերաբերում է համապատասխան զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց։


Անդրանիկ Մանասարյան, Կոտայքի մարզ, գյուղ Քանաքեռավան. 

3 տարվա պայմանագրային զինծառայող եմ: 2000 թ. արտադրության 70 ձիաուժով վազ 21.07 մակնիշի մեքենա ունեմ: Ես պարտավո՞ր եմ մեքենայի գույքահարկը վճարել, թե՞ ոչ:

Հարցին պատասխանել է՝ Իրավաբան Դավիթ Ազիզբեկյանը.

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք, որպիսին, ինչպես հասկանում ենք ներկայացված հարցի բովանդակությունից, տվյալ դեպքում պարոն Մանասարյանը չի հանդիսանում։  

Պարոն Մանասարյանի հարցը վերաբերում է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվելու հետևյալ արտոնությանը՝  ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած ռազմաուսումնական հաստատություններն ավարտած այն անձանց, ովքեր ունեն հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):