page2-img1

24.03.2019

Ինչպե՞ս ստանալ հաշմանադամության կարգ եւ ինչի՞ց է կախված թոշակը

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք հաշմանդամության կարգ ստանալու իրավական ընթացակարգերին, ինչ տեսակներ կան, ինչքան կենսաթոշակ են ստանում, ինչից է կախված դրա չափը։ 1. Ինչպե˚ս են ստանում հաշմանդամության կարգ. իրավական ընթացակարգերը:   Անձը հաշմանդամ է ճանաչվում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում` ելնելով օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Հաշմանդամ է ճանաչելու գործընթացն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության և նրա տարածքային մարմինների՝ հանձնաժողովների կողմից (փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող հանձնաժողով): Հաշմանդամության կարգի տրամադրումը ենթադրում է որոշակի փուլային գործընթաց:    Առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմելու պարագայում անհրաժեշտ է, որ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անձին ուղեգրի փորձաքննության:    Տվյալ բժշկական կազմակերպությունն ուղեգրումն իրականացնում է անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո՝ բացառությամբ ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի:   Բժշկական կազմակերպության ուղեգիրը և դրան կից բժշկական փաստաթղթերը լրացվում են հայերենով և պետք է բավարարեն որոշակի վավերապայմանների, որոնց ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության թիվ 276-Ն որոշմամբ: Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացման համար հիմք է հանդիսանում անձի կամ նրա ներկայացուցչի կողմից բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումը (դիմումը ձևը սահմանվում է ՀՀ կառավարության թիվ 276-Ն որոշմամբ): Անհրաժեշտ է ներկայացնել նաև անձի անձնագիրը կամ նույնականացման քարտը:   Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` Կառավարության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը:   Այն դեպքում, երբ ներկայացված դիմումն ու համապատասխան փաստաթղթերը լիարժեք են, հանձնաժողովի նախագահի կողմից հարուցվում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: Հանձնաժողովի նախագահը նշանակված փորձաքննության օրը հարուցված վարչական վարույթ բժշկասոցիալական փորձաքննության գործը` բոլոր փաստաթղթերով ներկայացնում է հանձնաժողովի անդամներին:  Հանձնաժողովը զննում է անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում: Հանձնաժողովի նախագահը (ստորաբաժանման ղեկավարը) փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է փորձաքննական որոշումն անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու կամ անձի միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) սահմանելու վերաբերյալ:  Եթե հանձնաժողովի կողմից անձը ճանաչվում է հաշմանդամ, ապա եռօրյա ժամկետում կազմվում է անձի վերականգնողական անհատական ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:   2. Հաշմանդամության խմբերը:   ՀՀ-ում ներդրված է հաշմանդամության խմբի դասակարգման եռաստիճան համակարգը: Հաշմանդամության խումբը որոշվում է հաշվի առնելով առողջության խաթարման աստիճանը, որը հանգեցնում է ինքնասպասարկման ապահովման, տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառության կարողությունների որոշակի չափով սահմանափակման (հաշմանդամության խմբորոշման չափանիշները սահմանվում են ՀՀ կառավարության թիվ 780-Ն որոշմամբ):   Հաշմանդամության 1-ին խմբի պարագայում մենք գործ ունենք անձի բնականոն կենսագործունեությանը խոչընդոտող այնպիսի հանգամանքների հետ, որոնք վերջինիս զրկում են ինքնուրույն, երբեմն նաև երրորդ անձանց միջամտությամբ որոշ կենսական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու հնարավորությունից: Համապատասխանաբար, հաշմանդամության 2-րդ և 3-րդ խմբերի դեպքում անձը կարող է ինքնուրույն կամ այլ անձանց օգնությամբ կատարել որոշակի գործողություններ:   3. Կենսաթոշակի չափը, այն որոշելու չափորոշիչները։   Տարանջատվում են հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ հասկացությունները, որոնցից յուրաքանչյուրի հաշվարկման կարգը սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով:    Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ՝   Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է համապատասխան աշխատանքային ստաժ, որի ցանկը սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժից:   Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ՝   Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված այն զինծառայողին, որը հաշմանդամ է ճանաչվել զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սակայն զինծառայության ժամանակ ծագած հիվանդության հետևանքով, այդ ժամկետից ուշ, սակայն զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:   Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`   1) առաջին խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 150 տոկոսից ոչ պակաս. 2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 110 տոկոսից ոչ պակաս. 3) երրորդ խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից ոչ պակաս: 2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը կազմում է սույն հոդվածով սահմանված` կենսաթոշակի նվազագույն չափի մեկուկեսապատիկը:   Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է`   1) առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսի չափով. 2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսի չափով. 3) երրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/18220.html?lang=hy&fbclid=IwAR1qTujgvaCtdwnd-_HJzZMad3p_W5BgjrrUpfCQGv7NJ1FHmLzRh92k5E0