page2-img1

16.01.2017

Փաստաբան Տիգրան Սարուխանյանի կարծիքով՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների օրը սխալ են հաշվարկել․ «Նոր սահմանադրության 209 -րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ քանի դեռ նոր Ազգային Ժողովի առաջին նիստը չի կայացել, գործում են հին սահմանադրությամբ սահմանված կարգավորումները։ Հին սահմանադրությամբ սահմանված է, որ ԱԺ ընտրությունները նշանակվում են գործող Ազգային Ժողովի վերջին նիստից հաշվարկված 40 օրվա ընթացքում։ ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին, հետևաբար նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին»։ Փաստաբանի խոսքով՝ ընտրության օրը իմանալու համար հաշվարկը պետք է կատարվի մայիսի 31-ից՝ հետհաշվարկով․ «Ստացվում է, որ ապրիլի 21-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամակահատվածում պետք է տեղի ունենան Խորհրդարանական ընտրությունները։ Մինչդեռ մեր պարագայում ընտրությունների օրվա նշանակման մասին նախագահի հրամանագիրը եղել է դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ մտել դեկտեմբերի 31-ին, ըստ Ընտրական օրենսգրքի` ոչ ուշ, քան 90 օր առաջ պետք է կայացվի ընտրությունների որոշումը: Դեկտեմբերի 31-ից, եթե հաշվենք 90 օր, գալիս է ապրիլի 2-ը։ Այն դեպքում, երբ իմ համոզմամբ, պետք է լիներ ապրիլի 21-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Նշեմ, որ նախագահի հրամանագրում, ի տարբերություն մյուս ընտրությունների հետ կապված հրամանագրերի, հղումը կատարվել է միայն Ընտրական օրենսգրքի վրա և սահմանադրության համապատասխան նորմի հղում հրամանագիրը չի պարունակում»։ Տիգրան Սարուխանյանը նաև նշում է, որ դժվար է ասել, թե ովքեր են սխալ հաշվարկի մեղավորները, քանի որ չգիտի՝ ովքեր են դրանք կատարում։