page2-img1

12.10.2018

Ի՞նչ կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո. Փաստաբանը պարզաբանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին ասել էր, որ մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական կտա։ «Ըստ էության, նախնական կարող եմ ասել, որ [արտահերթ] ընտրությունները մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»,-ասել է վարչապետը։ Armdaily.am-ին փաստաբան Դավիթ Վարդանյանն ասաց, որ ըստ սահմանադրության՝ վարչապետի հրաժարականից 7 օր հետո ԱԺ-ն պետք է հրավիրի նիստ․ «Այդ 7 օրվա ընթացքում խմբակցությունները կարող են առաջարկել իրենց թեկնածուներին։ Եթե քաղաքական ուժերից ոչ մեկը չի առաջադրում իր թեկնածուին կամ առաջադրած թեկնածուն չի հավաքում ձայների մեծամասնությունը ,ապա ևս 7 օր հնարավորություն է տրվում թեկնածուներ առաջադրելու և, եթե կրկին նույն պատկերն է լինում, ապա ՀՀ նախագահը մեկ հրամանագրով արձակում է խորհրդարանը և միևնույն ժամանակ նշանակում է արտահերթ ընտրության օր»։ Փաստաբանի խոսքով՝ եթե Փաշինյանը հրաժարական կա 16-ին և գումարած 14 օր, մոտավոր հենց իր հաշվարկված ժամանակ էլ կլինեն ընտրությունները՝ դեկտեմբերի 9-10․ «Երբ ընտրության օրը արդեն նշանակված լինի, ընտրություններին մասնակցող ուժերը ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց թեկնածուներին, այնուհետև կսկսվի քարոզարշավի գործընթացը»։ Դավիթ Վարդանյանը նշեց, որ ընտրությունները պետք է լինեն հրաժարականից ոչ շուտ 30 օրից, և ոչ ուշ 45 օրից․«Ընտրության անցկացման օրը էական նշանակություն ունի․ որքան ընտրությունները շուտ նշանակվեն, այնքան մեծ է հավանականությունը, որ ընտրությունը և կառավարության ձևավորումը կլինի այս տարվա ընթացքում։ Ուշ լինելու դեպքում, գործընթացը կիսվում է և ստացվում է, որ վարչապետը ընտրվում է դեկտեմբերին, իսկ կառավարությունը ձևավորում է հունվարին»։ Վարդանյանի խոսքերով՝ ընտրության օրը շուտ նշանակելն էլ իր վատ կողմերը ունի․ «Քանի որ ընտրությունը արտահերթ է, կուսակցությունները քիչ ժամանակ կունենան պատրաստվելու և պետությունն էլ իր հերթին պետք է կազմակերպի ընտրական գործընթացը, որի համար կրկին քիչ ժամանակ կունենան»-եզրափակեց փաստաբանը։