page2-img1

17.11.2017

Ինչպե՞ս չդառնալ բնակարանային խաբեության զոհ. խորհուրդներ իրավաբանից

Հայաստանում բնակարանային խարդախության դեպքերի մասին քիչ չենք լսում: Իրավաբանները խորհուրդ են տալիս անշարժ գույք ձեռք բերելիս լինել զգոն: Իրավաբան Դավիթ Սրապիոնյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պրակտիկայում եղել են գործեր՝ նույն բնակարանը մի քանի հոգու վաճառելու դեպքերով, ինչպես, օրինակ, Բյուզանդի փողոցի նորակառույցները:

Անշարժ գույք ձեռք բերելիս, ըստ իրավաբանի, նախ պետք է նոտարական վավերացում. առուվաճառքի պայմանագիրը կամ օտարման ցանկացած պայմանագիր, իսկ օտարումը կարող է լինել նաև նվիրատվություն, նոտարական վավերացում է պահանջվում: Այդ կարգը չպահելը հանգեցնելու է գործարքի անվավերության:

Երկրորդ խնդիրը վերաբերում է սահմանափակումներին. Սեփականության իրավունք կա՞, թե՞ ոչ, անշարժ գույքն արդյո՞ք գրավի առարկա է հանդիսանում, թե՞ ոչ: Եթե այն գրավի առարկա է, գրավառուի համաձայնության հարցը կարող է առաջանալ, եթե դա համատեղ սեփականություն է, բոլոր սեփականատերերի համաձայնությունն է պետք, դա էլ է հետագայում ազդելու գործարքի անվավերության վրա: Եթե ամուսիններ են սեփականատերերը, այն համատեղ ձեռք բերված գույք է, սակայն ամուսիններից մեկի անունն է նշված որպես սեփականատեր, պետք է իմանալ՝ համատեղ սեփականատեր է նաև մյուս ամուսինը, և եթե ամուսիններից միայն մեկը կնքի գործարքը, խախտվում է մյուս ամուսնու իրավունքը:

«Այստեղ արդեն գործարքի անվավերության հարց կարող է առաջանալ, չեմ կարող ասել, թե դատական պրոցեսն ինչպես կընթանա, դատարանը նախադեպային որոշում ունի, ըստ որի՝ լռությունը համաձայնության նշան է: Այսինքն՝ եթե սեփականատերերից մեկը նույնիսկ չի առարկել, ենթադրվում է, որ իր համաձայնությունը կա, սա, կարծում եմ, մի քիչ արատավոր պրակտիկա է ձևավորում, այստեղ արդեն մարտավարությունից է կախված, թե պրոցեսը ոնց կընթանա, ամեն դեպքում, ինչ-որ խնդիրներ կառաջանան»,- ասաց նա:

Քաղաքացիական օրենսգրքում կա բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը, մասնավորապես՝ 276-րդ հոդվածը՝ առաջին մասով իբրև կարևոր նախապայման է նշվում, թե գույքը ձեռքբերողն ինչ կերպ է ձեռք բերել այն՝ ապօրինաբա՞ր, թե՞ օրենքի տառին համապատասխան. եթե գույքը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապօրինի քայլերով, նախորդ սեփականատերն իրավունք ունի ձեռքբերողից գույքը պահանջել:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ ապացուցման բեռը ընկնում է հենց վկայակոչողի վրա. եթե նա ասում է, որ այս գույքը տվյալ անձնավորության տիրապետմանն է անցել ապօրինի կերպով, պիտի հանգամանքներ մատնանշի, մյուս կողմն ավելի շատ հանդես է գալիս պատասխանողի դերում:

Իրավաբանի խոսքով՝ հատուցման չափ ֆիքսված չէ, կախված է նրանից, թե դիմող կողմին իր կարծիքով, այդ գործարքի հետևանքով ինչ չափի վնաս է պատճառվել: Սրապիոնյանը նշեց, թե միշտ չէ, որ նա, ով հաշվառված է, գույքային իրավունքներ ունի: Անշարժ գույք ձեռքբերելիս իբրև կարևոր պայման՝ իրավաբանը նշեց 30 օրվա ընթացքում սեփականության իրավունքի գրանցումը, որովհետև պայմանագիր կնքելը մի բան է, գրանցելը՝ այլ, իսկ սեփականության նկատմամբ իրավունքը ծագում է գրանցման պահից, այսինքն՝ եթե երեսուն օրվա ընթացքում կադաստր չգնաց՝ իրավունքը գրանցելու, դա էլ է գործարքը անվավեր դարձնում, միայն գրանցումից հետո է ծագում սեփականության իրավունքը: